ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Օրերս Գյումրիում ոստիկանությունը տուգանել է Երևանի քաղաքապետարանին սպասարկող մեքենաներից մեկը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տեխսպասարկման հետ պրոբլեմ ունենք։ Չգիտեմ մեր մեքենաներից որ մեկին, բայց ոստիկանությունը տուգանեց։ Հասկացեք` այդ ինչպես է եղել, որ չի արվում տեխզննումը»,–ասաց քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ներկայացուցիչն էլ խնդրեց քաղաքապետին, որպեսզի միջնորդի պարեկային ծառայությանը և ՃՈ–ին, ներկայումս իրականացվող ուժեղացված ծառայության շրջանակներում, առավել մեծ ուշադրություն դարձնեն տրանսպորտային միջոցների տեխզննմանը։ Վարչության ներկայացուցիչը հավելեց, որ ցավոք, ՃՏՊ–ների դեպքերի աճ կա, և վերջում պարզ է դառնում, որ կողմերից մեկը կամ երկուսը տեխզննում չի անցել։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց ոստիկանության ներկայացուցիչներին յուրաքանչյուր շաբաթ տեխզննման տուգանքների հետ կապված վիճակագրություն ներկայացնել։