Գերազանց հանձնել եմ տնօրենի քննությունները. Մանե Գրիգորյանը` Երգի պետական թատրոնի տնօրեն

Գրիգորյանն ընդգծել է, որ առաջիկայում նորություններով հանդես կգա` կլինեն նոր մյուզիքլներ, ներկայացումներ, փառատոներ և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը` Մանե Գրիգորյանն այսօրվանից պաշտոնապես հանդիսանում է Երգի պետական թատրոնի տնօրենը։ Այս մասին Մանեն տեղեկացրել է «Ինստագրամի» իր էջում։
«Անցած ամիսների ընթացքում պատրաստվել եմ ու նոր և առավել բարդացված կարգով գերազանց հանձնել եմ տնօրենի պետական քննությունները, և արդեն որպես լիիրավ տնօրեն` անցնում եմ գործի։ Նախորդ 6 ամսվա ընթացքում որպես պաշտոնակատար եղել եմ թատրոնում»,– գրել է Մանե Գրիգորյանը։
Նա ներկայացրել է այդ ընթացքում իր կատարած աշխատանքները.
Վերականգնվում է թատրոնի դահլիճը. այն կներկայանա բոլորովին նոր ու ժամանակակից տեսքով։
Թատրոնը կվերազինվի գերժամանակակից լուսաձայնային տեխնիկայով։
Ընթանում են նոր կայքի ստեղծման և թատրոնի ռեբրենդինգի աշխատանքները, ինչի շնորհիվ թատրոնն ավելի մրցունակ ու ժամանակակից կդառնա։
Ձևավորվել է թատրոնի խմբի նոր կազմը, որն արդեն թողարկել է մի քանի երգ և տեսահոլովակ։ Խումբն արդեն հասցրել է ելույթ ունենալ մի շարք միջոցառումների ժամանակ։ Առաջիկա ամիսներին նախատեսվում են նոր տեսահոլովակներ։
Նոր համագործակցություններ են սկսվել հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք կնպաստեն թատրոնի առաջխաղացմանը։
Վերականգվել է «Ուրախ նոտաներ» ներկայացումը բոլորովին նոր ձևաչափով, դեկորներով և բեմական հանդերաձանքով։
Պետական մարմինների հետ համագործակցությամբ Հայաստանի 7 մարզում բեմադրել են անվճար ներկայացումներ, որոնց մասնակից է դարձել շուրջ 10.000 երեխա։
Մանե Գրիգորյանի խոսքով` առաջիկայում սպասվում են նոր ներկայացումներ, մյուզիքլներ, փառատոներ, համերգներ, ծրագրեր ու նախագծեր։
«Ասելու, խոսելու շատ բան կա, հիմա ավելի կարևոր է գործ անել ու վերակենդանացնել մեր թատրոնը։ Անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, օգնում են ու փորձում անել առավելագույնը, որ պապայի կիսատ թողած գործը պատվով շարունակենք»,– նշել է Գրիգորյանը։
Նշենք` Մանե Գրիգորյանը Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի մարտի 14-ին, իսկ մինչ այդ տնօրենի պարտականությունները կատարում էր Արմեն Սարգսյանը, որը Երևանի ավագանու անդամ է (այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականից)։
Հիշեցնենք` երգահան Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։ Նրան հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում։
Գրիգորիչին անխոս սիրել չի լինում. կոմպոզիտորին նվիրված համերգն ու երգիչների հուշերը