ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա անող Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները քաղաքապետարանի առջև միակողմանի փակեցին Արգիշտի փողոցը։
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
© Sputnik / Petros Lagesyan
Հայտնել էինք, որ քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա անողները պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունի իրենց։ Հարցն այն է, որ կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Փողոցը չենք բացելու, մինչև քաղաքապետը չիջնի»,–ասաց բնակիչներից մեկը։
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ
© Sputnik / Petros Lagesyan
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն էլ բնակիչներին տեղեկացրեց, որ քաղաքապետը 3-4 մարդու իր մոտ է հրավիրում։
«Վարչական շրջանում գույքագրվել են այն հողերը, որոնք պետական գրանցման չեն գնացել։ Հիմա փորձաքննություն է ընթանում, քանի որ նաև որոշակի կեղծիքներ են եղել գրանցման ակտերի հետ կապված։ Փորձաքննությունից հետո քաղաքացիներին կտրամադրեն սեփականության ակտերը։ Նրանցից այդ տարածքները խլելու մտավախությունները սին են, նման մտադրություն չկա»,–ասաց Կատվալյանը։
Նրա խոսքով` Հաղթանակ թաղամասի բնակիչները պետք է պետության կողմից տրամադրված ակտերի բնօրինակները ներկայացենն իրենց, որպեսզի փորձաքննության ենթարկեն դրանց։ Այս պահին 130-ից 42 բնակիչ է ակտեր ներկայացրել։
Հավելենք, որ տարածքում մեծ քանակությամբ ոստիկաններ կան, որոնք հորդորում են բացել փողոցը։ Բողոքի ակցիա անողները չեն համաձայնում մի քանի հոգով բարձրանալ քաղաքապետի հետ զրույցի։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին թաղամասի բնակիչները բողոքի ակցիա արեցին կառավարության առջև։ Կառավարությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի վարչապետի հսկողությամբ, 15 օր հետո պատասխան կտան նրանց։ Ակցիայի մասնակիցները հայտարարել էին` եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կսկսեն անհնազանդության ցույցեր անել անել, փողոցներ փակել։
Հավելենք, որ ավելի ուշ բողոքի ակցիա անողները բացեցին փողոցը, և նրանցից մի քանիսը բարձրացան քաղաքապետի մոտ։