ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հաղթանակ թաղամասի բնակիչներին խոստացել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի բնակիչների խնդրի լուծմամբ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի հետ հանդիպումից դուրս եկած բնակիչներից մեկը։
Հայտնել էինք, որ այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին անում Հաղթանակ թաղամասի բնակիչները։ Նրանք թույտվություն են պահանջում, որ կառավարության կողմից 1990-ականներին օգտագործման համար ստացած հողատարածքները կարողանան սեփականաշնորհել։
«Առաջարկեցին ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այս խնդրով։ Մեզ ասացին նաև, որ հանդիպումները շարունակական կլինեն, և իրենք պատրաստակամ են խնդրին լուծում տալ։ Մենք ասացինք, որ հապաղումների հետևանքով փոխվստահությունը կորել է։ Սակայն վստահեցրին, որ մեր բարձրացրած հարցերը փուլ առ փուլ պետք է լուծվեն»,- ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչը։
Նրա խոսքով` իրենց սպասումներն արդարացվել են, գոհ են հանդիպումից։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն իր հերթին հայտնեց, որ խնդիր է դրված` մինչև հաջորդ հինգշաբթի բնակիչները պետք է ամբողջությամբ գույքագրեն իրենց խնդիրները։ Դրանից հետո Երևանի քաղաքապետին կներկայացվի այդ ամբողջ փաթեթը, և լուծումներ կտրվեն։
Հարցին` խնդիրը կլուծվի՞ մինչև տարեվերջ, Կատվալյանը պատասխանեց, որ ուզում են ավելի կարճ ժամկետում դա անել, սակայն կան բնակիչներ, որոնք կորցրել են իրենց սեփականության ակտերը, և այս դեպքում դատարանով պետք է դրանք վերականգնեն։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին թաղամասի բնակիչները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի առջև։ Կառավարությունից հայտնեցին, որ հարցը կքննարկվի վարչապետի հսկողությամբ, 15 օր հետո պատասխան կտան նրանց։ Ակցիայի մասնակիցները հայտարարել էին` եթե իրենց խնդրին լուծում չտրվի, կսկսեն անհնազանդության ցույցեր անել անել, փողոցներ փակել։