Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. ի՞նչ են քննարկել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Նշենք, որ Միրզոյանը Մոսկվայում է գտնվում աշխատանքային այցով։
ՀՀ ԱԳ նախարարը զրույցի սկզբում ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին:
Հանդիպման ընթացքում Միրզոյանը և Լավրովը անդրադարձել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ներառյալ` առևտրատնտեստական և գիտամշակութային ոլորտներում համագործակցությանը։
Նշվել է, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը, ինչի կապակցությամբ կողմերը գոհունակություն են հայտնել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության կապակցությամբ:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքին վերաբերող հարցեր։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը կարևորել է ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը: Վերահաստատվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը:
Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դերակատարությունը՝ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և կենսագործունեության պայմանների ապահովման գործում։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։