«Այս մարդկանցից անհնազանդներ մի՛ սարքեք». բողոքի ակցիա` Երևանի քաղաքապետարանի առջև

Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
Հաղթանակ թաղամասի բնակիչները հանդիպում են պահանջում Հրաչյա Սարգսյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա են անում։ «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Հայաստանը նաև մեր երկիրն է» գրությամբ պաստառներով բնակիչները պահանջում են ժառանգություն ստացած իրենց հողերի սեփականաշնորհման գործընթացը չձգձգել։
Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
Նշենք, որ կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել, և բնակիչները չեն կարողանում կառուցապատման կամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:
«Պարոն քաղաքապետ, Հաղթանակ թաղամասի բնակիչները Ձեզ հետ անհապաղ հանդիպում են պահանջում։ Մեր վիճակն օրհասական է` խնդրում և պահանջում ենք հանդիպում ձեզ հետ։ Այս մարդկանցից անհնազանդներ մի սարքեք»,–ասաց բնակիչներից մեկը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ ծնվել, մեծացել է Հաղթանակ թաղամասում` բնակարանն ավելի քան 40 տարի առաջ է կառուցվել։ «Տանիքից կաթում է, և չեմ կարողանում ոչ մի աշխատանք կատարել, որովհետև սեփականաշնորհված չի տունս։ Երկու օր առաջ քաղաքապետարան եմ եկել, ուղարկեցին թաղապետարան, բայց այնտեղ էլ ոչինչ չեն արել։ Ես փաստաբան եմ վարձել, որ խնդրիս լուծում տա, բայց սայլը տեղից չի շարժվում։ Շուտով թուրքերը կարող է գան դպրոց բացեն այստեղ, բայց մենք մեր տունը չենք կարողանում սարքել»,–ասաց կինը։
Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ
Բնակիչներն ասում են, որ իրենց խնդրի մասին տեղյակ են բոլոր պատկան մարմինները, և դրա լուծման համար խոստացված բոլոր ժամկետներն անցել են։ Նրանք գրություն են պատրաստել` ամբողջացնելով իրենց պահանջը. ուզում են անձամբ այն հանձնել քաղաքապետին։
Հաղթանակ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի մոտ