ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Պարենային գործարքի» շրջանակում 12 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։
«Նավերը եղել են գյուղմթերքով բեռնված։ Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները շարունակվում են ըստ ժամանակացույցի և Ստամբուլի Համակարգման համատեղ կենտրոնի հսկողության ներքո»,– ասվում է հաղորդագրությունում։
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։