Շաբաթը մեկնարկել է գլխավոր դատախազության մոտ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայով, անգամ փողոց էին փակել։ Նրանք կրկին պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։ Մեկ այլ բողոքի ակցիա էլ եղավ Արարատի մարզում` բնակիչները բողոքում էին ոռոգման ջրի խնդրից ու պահանջում էին ժամանակին ջուրը հասցնել գյուղացուն, որպեսզի բերքը չփչանա։
Գիտելիքի և դպրության օրը` սեպտեմբերի 1-ը, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում փոքր–ինչ տխուր էր 6-ամյա Լիկայի համար` նա գյուղի միակ առաջին դասարանցին է։ Այն երեխաները, որոնք կարող էին Լիկայի դասարանցիները լինել, կա՛մ հեռացել են գյուղից, կա՛մ էլ հաջորդ տարի դպրոց կհաճախեն։
«Դիմադրություն» շարժումն էլ սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը հանրահավաք էր անցկացրել Ֆրանսիայի հրապարակում։ Ընդդիմադիրներն այդ օրը ներկայացրին առաջիկայում իրենց անելիքները, ինչից հետո սկսվեց փոքրիկ համերգ, որի ընթացքում երգեցին Շուշան Պետրոսյանը, Գայա Արզումանյանը և այլք։
Շաբաթվա ընթացքում եղել են նաև գիտական, մշակութային և սպորտային իրադարձություններ։ Տեղի է ունեցել STARMUS փառատոնի մամուլի ասուլիսը, «Մեծ Հաղթանակի դեմքերը» լուսանկարների հանձնման արարողությունը, ինչպես նաև «Փյունիկ»–«Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմերի հանդիպումը։