ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակի է արժանացել «Ականավոր պատմիչ» անվանակարգում Netflix –ի «Մեր նշանավոր ազգային զբոսայգիները» վավերագրական սերիալում որպես պատմող մասնակցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայի պաշտոնական կայքից։
Օբամայից բացի «Ականավոր պատմիչ» անվանակարգում ներկայացված էին նախկին ամերիկացի բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ–Ջաբարը, բրիտանացի հեռուստահաղորդավար Դևիդ Աթենբորոն, երգիծաբան Ուոլթեր Քամաու Բելն ու քենիական-մեքսիկական դերասանուհի Լուպիտա Նիոնգոն։
Ինչպես նշվում է ակադեմիայի հայտարարության մեջ` նախկին նախագահը մրցանակը ստացել է «Հրաշքների աշխարհ» (A World of Wonder) անունով առաջին սերիայում որպես պատմիչ հանդես գալու համար։
Նշենք, որ «Մեր նշանավոր ազգային զբոսայգիները» Netflix–ի սերիալներից է, որը բաղկացած է Չիլիում, Քենիայում, ԱՄՆ–ում և Ինդոնեզիայում նկարահանած 5 մասից։
«Էմմի» մրցանակը (Primetime Emmy) շնորհում է 1946 թվականին հիմնադրված Հեռուստատեսայնի արվեստների և գիտության ակադեմիան։ Այն համարվում է հեռուստատեսային աշխատանքի համար տրվող ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մրցանակի հասցեատիրոջը որոշում են հեռուստաակադեմիայի շուրջ 23 հազար անդամներ։