ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Աբովյան քաղաքի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 45-ամյա քաղաքացին գտնվում է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ազգային կենտրոնից։
«Տուժածը տղամարդ է։ Նրա մոտ այրվածքներ կան ոտքերի, ձեռքերի, մեջքի շրջանում։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է։ Հավելյալ տեղեկություն կարող ենք տալ ավելի ուշ»,– նշեցին կենտրոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։18-ին, մարվել՝ 14։51-ին։ Այրվել է 120 քմ իզոգամ, տանիքի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի (Ս․ Ֆ․, ծնված 1977 թ․), ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։