ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, որն անցնում է ցածրորակ զինամթերք ընդունելու և գումար հափշտակելու գործով, ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:
«Արմեն Հարությունյանն ազատ է արձակվել գրավի դիմաց»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ նպատակահարմար չեն համարում ասել գրավի չափը։
Նշենք, որ Հարությունյանը շուրջ երկամսյա կալանքից ազատ է արձակվել օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեղեկացրեց Հարությունյանի ձերբակալության մասին։ Ըստ հաղորդագրության` Հարությունյանը ՊՆ-ին է մատակարարել 1.083.000 դոլար արժեքով չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել արձակել թիրախային կրակոցներ և լուծել մարտական խնդիրներ։
Նշվում էր նաև, որ այդ խմբաքանակի արկերը կիրառվել են նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։
Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ- վարչության պետ է նշանակվել 2017թ-ի մայիսի 26-ին։ Մոտ 5 տարի պաշտոնավարելուց հետո նա 2022-ի փետրվարի 24-ին ազատվել է պաշտոնից։