ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները խափանել են Կիևի՝ դեսանտ իջեցնելու և Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավելու նոր փորձը, սպանվել է 47 զինյալ, այդ թվում՝ 10 օտարերկրյա վարձկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Չնայած Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների առկայությանը` Կիևի ռեժիմը հերթական անգամ ԱԷԿ-ը գրավելու փորձ է ձեռնարկել։ Սեպտեմբերի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 23։00-ին, նավակների և մոտորանավակների երկու խմբեր (ընդհանուր թիվը` 42 միավոր) ավելի քան 250 դեսանտով, որոնց թվում եղել են հատուկ գործողությունների ուժեր և օտարերկրյա վարձկաններ, փորձել են Էներգոդարի և Դնեպրոպրուդնոյեի շրջանում Կախովսկայա ջրամբարի ափ մտնել», - ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 4 Սու-30 և 2 Կա-52 ուղղաթիռները հարվածներ են հասցրել դեսանտին, ինչի հետևանքով 20 նավակ է ոչնչացվել: Մյուս նավակները շրջվել ու հեռացել են ուկրաինական ափի ուղղությամբ։
Ռուսական հրետանին, այդ թվում՝ մեծ հզորության հաուբիցները, հարված են հասցրել Վիսշետարասովկա, Չերվոնոդնեպրովկա բնակավայրերի շրջաններում, որտեղ ափ են դուրս եկել մնացած դեսանտայինները։
«Չհաջողված սադրանքի ընթացքում ուկրաինացի ազգայնականները 47 զինյալ են կորցրել, այդ թվում՝ 10 օտարերկրյա վարձկան, 23–ը վիրավոր են»,- նշում է ՌԴ ՊՆ-ն:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 191-րդ օրը։