ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել է Հարավային Կովկասի իրադրությունը։
«Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյանի և Միշելի հետ հանդիպման մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Պուտինն ու Ալիևը կարևորել են հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու համակարգված ջանքերը։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: