Կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը. Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահը Հունաստանին հիշեցրել է Զմյուռնիայի աղետի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանը թանկ կվճարի, եթե հեռուն գնա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հունաստանը սպառնում է մեզ Ս-300-ով։ Հունաստա՛ն, աչքի անցկացրու պատմությունը։ Եթե դուք հեռուն գնաք, ծանր գին կվճարեք, մի՛ մոռացեք Իզմիրը (Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական քաղաք, որը երկար ժամանակ կոչվում էր Զմյուռնիա. խմբ)։ Կղզիների օկուպացիան մեզ չի հետաքրքրում. կգա ժամանակը, և մենք կանենք այն, ինչ պետք է։ Ինչպես սովորաբար ասում եմ` մենք կարող ենք հանկարծակի հայտնվել գիշերը»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենելով «Տեկնոֆեստ» փառատոնում։
Զմյուռնիայի աղետ

Զմյուռնիայի աղետը (հայտնի է նաև որպես Զմյուռնիայի կոտորած, Զմյուռնիայի մեծ հրդեհ)` հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածը, տեղի է ունեցել 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ, որը սկսվեց 1922-ի սեպտեմբերի 9-ին։

Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքեր թափանցած և հին Հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա ու թուրքական խաժամուժ զանգվածի հետ սկսեցին հույն և հայ խաղաղ բնակչության կոտորածն ու թալանը, որի հետևանքով ավելի քան 200 000 մարդ զոհվեց։

Ավելի վաղ «CNN Türk» հեռուստաալիքը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ հունական կողմը Ս-300 ՀՕՊ համակարգեր է գործի դրել թուրքական Ֆ-16 կործանիչներ կալանելու և ուղեկցելու համար: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվել են Ռոդոսից արևմուտք՝ 3 կմ բարձրության վրա:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` չնայած այդ գործողություններին` ինքնաթիռները կատարել են նախատեսված առաջադրանքները և բարեհաջող վերադարձել իրենց կայաններ:
Հունաստանի ՊՆ-ն հերքել է Թուրքիայի մեղադրանքը, թե Աթենքը Ս-300 է օգտագործել իր ՌՕՈւ-ի դեմ