Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

ՀՀ ՊՆ
Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության` իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հաղորդագրություն է տարածել, թե հայկական կողմն իբր կրակել է Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,–ասված է ՀՀ ՊՆ–ի պատասխան հաղորդագրությունում։
Հիշեցնենք` պաշտպանական գերատեսչությունը երեկ նույնպես հերքել էր լուրը, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: Ավելին` ՊՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։