ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում մեծ կորուստների ֆոնին վարձկանների ներհոսքն այդ երկիր նվազել է ավելի քան 3,5 անգամ։ Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հատուկ գործողության սկզբից նրանց թիվը նվազել է ավելի քան երեքուկես անգամ, գրեթե երեք հազար զինյալ (2831) ոչնչացվել է»,- ասել է նա։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ օգոստոսին ՌԴ հակաօդային պաշտպանությունը հատուկ գործողության շրջանակում որսացել է ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգի 226 հրթիռ։
«Խոցվել է 19 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ և 188 անօդաչու թռչող սարք»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։