Ռուբինյանը Արցախի խնդիրները ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Միրոսլավ Յենչան ու Ռուբեն Ռուբինյանը
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված խնդիրների և սպառնալիքների վերացման անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ստեղծված իրավիճակը հանգամանալից ներկայացնելու համար: Ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ Միրոսլավ Յենչան փոխգործակցության շարունակության և աջակցության պատրաստակամություն է հայտնել: Նշվել է նաև, որ ՄԱԿ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։