ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Վարչապետը ողջունել է աշակերտներին, անդրադարձել կառավարության գործունեությանը, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագրին, Անկախության հանրաքվեին և այլ հարցերի:
Իր ելույթում նա խոսել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդգծել, որ պետք է կարողանալ ճիշտ հետևություններ անել դրանց վերաբերյալ ու աշակերտներին կոչ է արել պատմությունից ու առհասարակ կյանքից դասեր քաղել։ Նա ընդգծել է` իր համար ամենակարևոր հետևությունն այն է եղել, որ պետք է աշխատանքները պլանավորել։
«90-ականների սկզբին չի եղել մի նախագիծ, որով պլանավորված լինի, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2000, 2005, 2010, 2015 2020, 2022 թթ–ին։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ես ներկայացրի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որը կատարյալ փաստաթուղթ չէ, բայց փորձերից մեկն է պլանավորել, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը 2050 թվականին։ Կարծում եմ՝ ապագայի պլանավորումը նաև այն է, որ մեզ պետք է օգնի դասեր քաղել անցյալից և այսօր ապրելու էներգիա ստանալ»,– ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ապագայի մասին պատկերացումներ ձևակերպելու և ապագայի համար ամենօրյա աշխատանք տանելու կարևորությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Նա Հայաստանի համար տեսանելի ապագայում առաջնահերթություն է համարել 3 հիմնական ուղղություն. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը:
«Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց կառավարության ծրագրի մեջ մենք ընդգծել ենք, որ ՀՀ–ին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»,– ասել է Փաշինյանը։
Իր խոսքում նա նաև անդրադարձել է նաև 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին, ինչպես նաև հանրաքվեին։
Վարչապետը հանդիպման ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, պետական կառավարման համակարգին, համայնքների խոշորացմանը, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին, ԶԼՄ-ների գործունեությանը: