Միլիոններ ենք կորցնում հակառուսական պատժամիջոցների պատճառով. «Էստոնական երկաթուղիներ»

Եթե նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանից Էստոնիա սահմանային երեք անցակետերով միջինում օրական 7.5 գնացք էր անցնում, ապա այսօր միայն 3-ն են հատում սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի Sputnik. «Էստոնական երկաթուղիներ» պետական ձեռնարկությունը (Eesti Raudtee) Ուկրաինայի իրադարձությունների և գործող հակառուսական պատժամիջոցների պատճառով այս տարի չի ստանա մոտ 20 մլն եվրո։ Այս մասին այսօր հայտնել է ընկերության վարչության նախագահ Կայդո Ցիմերմանը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այս տարի մենք շուրջ 20 մլն եվրո չենք ստանա, որը ծածկելու համար պետությունն արդեն իսկ 12 մլն է տրամադրել մեզ, այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ պակասում է 8-ը։ Հաջորդ տարվա վնասը մոտավորապես 25 մլն եվրո է գնահատվում»,–Vikerraadio ռադիոկայանի եթերում ասել է Ցիմերմանը։
Նա պարզաբանել է, որ եթե նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանից Էստոնիա սահմանային երեք անցակետերով միջինում օրական 7.5 գնացք էր անցնում, ապա այսօր միայն 3-ն են հատում սահմանը։
«Իսկ երեկ, օրինակ, Նարվայով միայն մեկ գնացք է անցել, իսկ հակառակը` Պեչորիով, նույնպես մեկ գնացք, ուստի ծավալները հիմա փոքր են, և դա կապված է Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետ»,–հավելել է նա։
Հիշեցնենք` Ուկրաինայի ապառազմականացմանն ու ապաազգայնականացմանն ուղղված ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը Եվրոպայում և ԱՄՆ–ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գնաճի հանգեցրեց։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ հեռանկարն է, պատժամիջոցներն էլ լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
Եվրոպայում էներգետիկ շուկաները տենդի մեջ են, պատժամիջոցները հանգեցրել են ճգնաժամի. Պեսկով