«Մեծ հաղթանակի դեմքերը». հայ վետերաններին իրենց լուսանկարներն են նվիրել

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ
Հայրենական մեծ պատերազմի սպիտակած, բայց դեռ հոգով առույգ հայ վետերանները շարքում հմտորեն պահում են գիծը։
Sputnik
Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտի խորհրդանշական օրը և Ռուսաստանում նշվող Զինվորական փառքի օրը Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները հավաքվել են Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Այստեղ հանդիսավոր մթնոլորտում, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանների ներկայությամբ, Երևանում «Ռուսական տան» և Հայաստանի վետերանների միության ղեկավարությունը նրանց սեփական դիմանկարներով լուսանկարներ են նվիրել։
Լուսանկարները «Մեծ հաղթանակի դեմքերը» լուսանկարչական նախագծի շրջանակում արել է Տաթև Մնացականյանը` հավերժացնելով մեր օրերին հասած 110 վետերանների դիմանկարներ։ Տաթև Մնացականյանը Վետերանների միության և «Ռուսական տան» ներկայացուցիչների հետ ավելի քան 50 քաղաք և հեռավոր գյուղ է այցելել` ֆաշիզմի հետ կռիվ տվածների դեմքերը հավերժացնելու համար։ Ցավոք, լուսանկարների հանձնման օրվան չհասան մի քանի հերոսներ, նրանց սակայն կհիշեն երախտապարտ սերունդներն ու կմնան այս վերջին լուսանկարերում, որոնք կարծես արված լինեն համաշխարհային լավագույն ամսագրերի շապիկների համար։
Միջոցառմանը ներկա վետերանների շարքում էին Ճապոնիայի մարտերի անմիջական մասնակիցները, Ճապոնիայի, որի կապիտուլյացիայով 1945 թվականի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Աղվան Խաչատուրի Պողոսյան, Հենրիկ Սիմոնի Խառատյան և Մեխակ Տիգրանի Ավետիսյան, որոնք պարգևատրվել են «Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալով։
Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ
Պետք է ասել, որ օրվա հերոսների թվում էին ոչ միայն պատերազմի մասնակիցները, այլև համակետրոնացման ճամբարների բանտարկյալներն ու բլոկադա վերապրածները։ Գալինա Պավլովնա Պետուխովան Հայաստանում է հայտնվել 1962 թվականին` դեռ տակավին պատանի տարիքում նա օգնել է զարգացնել տեղի թեթև արդյունաբերությունը։ Ամուսնացել է հայի հետ, դուստր, թոռներ մեծացրել, իսկ այսօր արդեն օգնում է ծոռների դաստիարակման գործում։ 45 տարի աշխատել է Երևանի բրդեղենի կոմբինատում, որի լավագույն ջուլհակուհի է եղել։ Գալինա Պավլովնան պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով և երկու Փառքի շքանշաններով` 2-րդ և 3-րդ աստիճանի։
Նա ապրել է ոչ միայն խաղաղ ու արարման տարիների Հայաստանում, այլև վերապրել է Լենինգրադի շրջափակումը, ընտանիքի անդամներ կորցրել, տարհանվել «Կյանքի ճանապարհով», մանկատուն ընկել...
Գալինա Պետուխովան երեք տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը, բայց այդ սարսափելի օրերից որոշ հիշողություններ մնացել են։ Օրինակ, թե ինչպես է մայրը մահից առաջ նրա զգեստի փեշին կարել իր անունով ու հասցեով կտորի մի պատառ։ Կամ ինչպես էին իրենց Լենինգրադի Սվերդլովսկի շրջանում գտնվող № 58 մանկատունը 1942 թվականի հունիսի 17-ի ամռանը լաստանավով տարհանում։ Տարհանման ժամանակ ռմբակոծություն սկսվեց, իսկ երբ այն ավարտվեց, փոքրիկ Գալինան ջրի վրա լողացող բազմաթիվ մանկական գլխարկներ տեսավ։ Նա չգիտի՝ մահացել էին արդյոք այն ժամանակ երեխաները, բայց գլխարկները հավերժ մխրճվեցին հիշողության մեջ...
Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծելով հաղթանակում հայ ժողովրդի ներդրումը նշեց, որ Հայրենականին նվիրված ցանկացած ցուցահանդեսի ժամանակ կարելի է հայ գեներալների, սպաների, շարքայինների բազմաթիվ լուսանկարներ տեսնել։
«Մոսկվայի պետական համալսարանի հայկական մասնաճյուղում բոլորովին վերջերս կայացավ Ստալինգրադի ճակատամարտին նվիրված ցուցահանդեսը։ Բավական էր նայել միայն ցուցատախտակին, և մեր հաղթանակում հայերի ներդրումը ակներև էր դառնում։ Մենք հիշում և գնահատում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը, առողջություն, ուժերը, նյարդերը դրեցին մեր ընդհանուր հաղթանակի համար, որի շնորհիվ բոլոր այս տարիների ընթացքում մենք կարողացանք ազատ ապրել, երեխաներ դաստիարակել և հավատալ ապագային։ Կարծում եմ, որ այն օրինակը, այն դասը, որ մենք ստացել են և ստանում ենք մինչ օրս մեր վետերաններից` վկայում է այն մասին, որ ինչպես նոր մարտահրավերները, այնպես էլ փորձությունները մենք պատվով կհաղթահարենք», – ասաց նա։
ՌԴ դիվանագետի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդը միասնական է նրանում, որ սրբորեն պահպանում է Հայրենական մեծ պատերազմի հիշատակը, հարգում նախնիների հիշատակը, հիշում նրանց, ովքեր հաղթանակ ու կյանք են նվիրել։
Վադիմ Ֆեֆիլով
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ հայտնեց, որ դեկտեմբերի սկզբին նշվելու է մեծ զորավար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակը, ում անունը քաջածանոթ է ԽՍՀՄ նախկին բոլոր երկրներում։
Իսկ ահա տարբեր ազգության խորհրդային հարյուր հազարավոր այլ մարտիկների անուններ անհայտ են մնում։ Եվ «Մեծ հաղթանակի դեմքերը» նախագծի նման նախաձեռնությունները օգնում են չմոռանալ և վառ պահել նրանց հիշատակը։
1 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

2 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

3 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

4 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

5 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

6 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

7 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

8 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

9 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ

10 / 10

Հայրենական պատերազմի վետերանները «Մեծ հաղթանակի դեմքերը» միջոցառման ժամանակ