ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ։
«Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք որպես միջազգային հանրության անդամ ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները»,– նշել է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։
ԱԳՆ–ն վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձնառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար։