Հետևանքները ծանր կլինեն. ՌԴ–ն զգուշացնում է ԱՄՆ–ին

Սերգեյ Ռյաբկով
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է` մեկ քայլ է մնում, որ ԱՄՆ–ն ուկրաինական հակամարտության կողմ դառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ–ն ԱՄՆ–ին հորդորում է սադրիչ քայլերի չդիմել և Ուկրաինային հեռահար համակարգեր չմատակարարել։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այդ ճանապարհը որևէ տեղ չի տանի։ Հետևանքները ծանր կլինեն, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Վաշինգտոնի իշխող շրջանակների ուսերին»,– ասել է նա։
Ռյաբկովի խոսքով` Ուկրաինայում հակամարտության կողմ դառնալուց ԱՄՆ–ին շատ փոքր գիծ է բաժանում։
«Մենք բազմիցս նախազգուշացրել ենք ԱՄՆ–ին հետևանքների մասին, որոնք կարող են լինել, երբ ԱՄՆ–ն այդ զինումն իրականացնելով և Կիևին անմիջական օգնություն տրամադրելու այլ ձևերում ներգրավվելով, ըստ էության, իրեն այնպիսի վիճակի մեջ է դնում, որ նրան լիովին կարելի է հակամարտության կողմ անվանել։ Այն բարակ գիծը, որը բաժանում է ԱՄՆ–ին հակամարտության կողմ դառնալուց, չպետք է պատրանք լինի հակառուսական տրամադրվածություն ունեցող սանձարձակ ուժերի համար, թե այն հատելու դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,– ասել է փոխարտգործնախարարը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա է հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում` Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Բացասական և ողբալի. Բորելը` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին