ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի մազերում սեպտեմբերի 2-ին խոտածածկ տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Կոտայքի մարզի Սոլակ գյուղի դաշտի խոտածածկ տարածքի այրվելու մասին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է ժամը 12։31-ին։ Դեպքի վայր մեկնած հրշեջ–փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։19-ին, իսկ մարել` 13։29-ին։ Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում էլ` «Սուրբ խաչ» կոչվող տարածքում, այրվել է 15 հա խոտածածկ տարածք։ Այն բռնկվել է 11։45-ին։ Հրդեհը մեկուսացվել է 15։52–ին, իսկ մարվել մոտ 5 ժամ անց։
Նույն մարզում` Աստղաձոր գյուղի սարերում, դեռ սեպտեմբերի 1-ին հրդեհ էր բռնկվել, այրվել էր շուրջ 15 հա խոտածածկույթ, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացվել էին հրդեհի ճակատային հատվածով, այնուհետև մթության ու տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով այդ աշխատանքները դադարեցվել էին։ Սեպտեմբերի 2-ին` ժամը 16։16-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհը կրկին բռնկվել է։ Հրշեջներն այն մեկուսացրել են 17։58-ին, մարել` 18։57-ին։ Այրվել է 30 հա տարածք։
Իջևան քաղաքում էլ` գինու գործարանի մոտակայքում, հրշեջ–փրկարարները շարունակում են դեռ 3 օր առաջ սկսված հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը սկսվել է դեռ օգոստոսի 31-ից։ Այդ օրն ահազանգ էր ստացվել, որ խոտածածկ տարածք է այրվում։ Դեպքի վայր էր մեկնել 3 մարտական հաշվարկ, այրվել է մոտ 5-6 հա խոտածածկույթ։ Հրդեհի 4 ուղղությունից 3-ը մարվել էր, 4-րդ ուղղությամբ էլ դեռ կար 3 ծխացող օջախ։ Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին սեպտեմբերի 1-ին, այրվել էր մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին և սահմանվել էր հերթապահություն։ Սեպտեմբերի 2-ին վերսկսված աշխատանքներին մասնակցել է 102 հրշեջ–փրկարար, ՊՆ 1 ուղղաթիռ։
Այսօր նույնպես մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ Արդեն այրվել է 7-8 հա խոտածածկույթ։