ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիության ընդլայնման գործընթացը մղվելու է երկրորդ պլան, իսկ ԵՄ օրակարգը ձևավորվում է քաղաքական նեղ շահերով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի ընդլայնումը երբեմնի ամենահաջողված քաղաքական նախաձեռնություններից մեկն էր։
«Ժամանակակից Եվրամիությունը փակվեց իր մեջ, և նեղ քաղաքական շահերը կլանեցին ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, չի կարող բացատրել, թե ինչու են Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան այդքան երկար սպասում ԵՄ-ին անդամակցելուն», - Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Նշենք, որ Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում ՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։