ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին միլիոնների անանուն փոխանցումներ են արել, այսինքն՝ հանրությունը չի տեղեկանում, թե ով է վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել։ Գրում է «Ժողովուրդ» թերթը` հիշեցնելով, որ ժամանակին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին` պահանջելով հայտնել, թե ովքեր են անանուն 100 000 դրամից ավելի գումար փոխանցել «Երևան հիմնադրամին»։
«2021-2022թթ. Աննա Հակոբյանի հիմնադրամին 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ և այսպես շարունակ: Կան նաև դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510 000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել»,–գրում է «Ժողովուրդը»։
2019-ին` 258 197 000 դրամ, 50 200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին` 10 311 000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն: Թերթը գրում է, որ ստացվում է չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 000 դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 000 դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան:
Հիշեցնենք, որ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Նազարյանն ու Հարությունյանը 2018 թվականի մարտի 16-ին էին դատի տվել «Երևան» հիմնադրամին և պետեկամուտների կոմիտեին: