ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տարածել է սպանությունների և սպանության փորձերի մեջ կասկածվող, Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ 46-ամյա Զորիկ Մելքոնյանի լուսանկարը։
Օգոստոսի 27-ին Մելքոնյանը տանը սպանել էր իր կնոջը՝ պարանոցը կտրելով, ապա մտել հարևանի տուն ու դանակով հարվածներ հասցրել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Իսկ մինչ այդ՝ Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը՝ պահանջել է գումար և սննդամթերք:
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Վարույթն իրականացնող մարմինն զգուշացնում է, որ նշված անձը վտանգ է ներկայացնում հասարակության համար և կոչ է անում լինել զգոն, միաժամանակ նրա գտնվելու վայրը իմացողներին խնդրում զանգահարել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին՝ 099 000111 կամ ՀՀ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարներով: