ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը «մակերեսային» է որակել մահապատժի վերականգնումը քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Քրիստինե Գրիգորյանի արձագանքը։
Ավելի վաղ Գրիգորյանը նշել էր, որ մահապատժի վերականգնման առաջարկի «քննարկումը անգամ տեղին չի համարում»։
«Ափսոսանք ենք հայտնում ՄԻՊ խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ: Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին», - նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Դատախազությունը պատրաստակամություն է հայտնում հարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները։
Հիշեցնենք՝ այսօր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: