ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական աշունը դժվար թե թեժ լինի, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունը նույնն են` նույն ասելիքով։ Բաղդասարյանն իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ։
«Իրավիճակը գնալով վատթարանում է, և տրամաբանական կլիներ, որ թեժ աշուն սպասվեր, քանի որ հայաստանյան իշխանություններն անընդհատ զիջում են և այն, ինչ խոստացել են, չեն կատարում։ Ուստի տրամաբանական կլիներ, որ ընդդիմությունը լուրջ գործընթացներ սկսեր։ Վաղը հանրահավաք է նախատեսված, և կարծում եմ` կերևա, թե այս դադարի ժամանակ ընդդիմությունը որևէ եզրակացություն արե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` եթե ընդդիմադիրների ասելիքը և հռետորաբանությունը լինեն նույնը, ապա քաղաքական թեժ աշուն չի լինի։
Ըստ Բաղդասարյանի` ընդդիմությունը 2 հիմնական անելիք ունի` չխաբել ժողովրդին, ներկայացնել ստեղծված իրավիճակի մեղքի իր բաժինը, և եթե ժողովուրդը ների նրանց, ապա ընդդիմադիրները պետք է հստակ ծրագիր ներկայացնեն։ Նա վստահեցրեց` ծրագրի բացակայությունն է հարցը փակուղի հասցնում, ոչ թե շատ մարդկանց հրապարակ բերելը։
«Այնպես չէ, որ Հայաստանում ուրիշ ընդդիմություն մենք չունենք, պարզապես հարթակը զբաղեցրել են այս ուժերը։ Այնպես չէ, որ Հայաստանում գաղափարների պակաս կա, մեզ մոտ գաղափարը ժողովրդին տեղ հասցնելու կոմունիկացիաների կարիք կա։ Փոխարենը իշխանության և ընդդիմադիր ԶԼՄ-ներով հասարակության ականջներից լապշա են կախում»,- ասաց քաղաքապետը։
Ամեն դեպքում, ըստ նրա, ներքաղաքական դաշտում ցանկացած փոփոխություն կախված է լինելու արտաքին քաղաքական իրադրություններից` անվտանգությունից։ Այսինքն` եթե արտաքին ագրեսիա չլինի, Հայաստանի ներսում քաղաքական ուժերը հերթական հանրահավաքի սեզոնը կբացեն, իսկ հետո կմեղադրեն հասարակությանը, թե չեն մասնակցում հանրահավաքների։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը, քաղաքագետը հայտնեց, թե չի կարծում, որ այնտեղ որևէ առաջընթաց է եղել, այլ հակառակը։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերին է նախատեսված երկու երկրների ղեկավարների հանդիպումը, այն դեպքում, երբ իրադարձություններն արագ են զարգանում տարածաշրջանում։ Սա, ըստ Բաղդասարյանի, նշանակում է, որ գործընթացը տեղապտույտի մեջ է։ Այս համատեքստում խոսելով Մինսկի խմբի մասին` քաղաքագետը նշեց, որ այն մահամերձ վիճակում է, և պետք է փորձեն վերակենդանացնել այդ ձևաչափը։ Հարցն այն է, որ Մինսկի խումբը, ի տարբերություն Ադրբեջանի, չի ասում, որ ԼՂ հարցը լուծված է։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: