ՄԻՊ-ը մահապատժի վերականգնման առաջարկի քննարկումը տեղին չի համարում

Քրիստինե Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Այսօր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու առաջարկին։
ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ մտահոգիչ է համարում 44-օրյա պատերազմի շուրջ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները։ Սակայն մահապատիժը լավագույն լուծումը չի համարում։

«ՄԻՊ-ը գտնում է, որ նման դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ է տանել առավել արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ, լուծումները չպետք է փնտրել Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների և սահմանադրական արժեքների նվազեցման մեջ»,- գրել է նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ՝ մահապատժի առաջարկի քննարկումն անգամ տեղին չի համարում, քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները։
Այսօր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: