ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մուտքից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունները դադարել են

Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ կեսօրից հետո Էներգոդարի և ԱԷԿ-ի տարածքի գնդակոծությունները դադարեցվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ – Sputnik. Էներգոդարի և Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի գնդակոծումները դադարեցվել են այսօր կեսօրին, հենց այն պահին, երբ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հիմնական շարասյունը մտել է ազատագրված տարածք: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։
«Կրակոցներն, ի դեպ, դադարեցին բառացիորեն այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը նրանց (ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը) բաց թողեց... Դա մոտավորապես 13:00-ից հետո էր»,-ասել է նա:
Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին Էներգոդարը գնդակոծությունների էր ենթարկվում։ Անցած օրվա ընթացքում քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների և հրետանու ավելի քան 60 հարվածի։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, նախօրեին Զապորոժիե քաղաք ժամանելով, վստահություն էր հայտնել, որ առաքելությունը կարող է անվտանգ իրականացվել: Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան հայտնել էր, որ քաղաքի շրջանում տեղի է ունեցել ուկրաինական դեսանտի իջեցում, կրակային հարվածներ են հասցվում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։