Ջրի սակագնի վերանայման որոշումը կհետաձգվի առնվազն երկու ամսով. ՀԾԿՀ

Ջրամատակարարման ծավալների ուսումնասիրության շրջանակում ՀԾԿՀ–ն քաղաքացիներին ևս կոչ է անում տեղեկություններ տրամադրել հանձնաժողովին կամ նույնիսկ անձամբ մասնակցել մոնիթորինգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվանից նախաձեռնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ։
Ինչպես հայտնում են ՀԾԿՀ–ից, մոնիթորինգի վերաբերյալ որոշումը պայմանավորված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով և իրականացվելու է հայտի ուսումնասիրության շրջանակում։
Ջրամատակարարման ծավալների մոնիթորինգը կտևի 2 ամիս` 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը։ Հետևաբար, սակագնի վերանայման հայտի քննարկումը ևս առնվազն երկու ամսով կհետաձգվի։
Ջրամատակարարման ծավալների ուսումնասիրության շրջանակում ՀԾԿՀ–ն քաղաքացիներին ևս կոչ է անում տեղեկություններ տրամադրել հանձնաժողովին կամ նույնիսկ անձամբ մասնակցել մոնիթորինգին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը. պատճառը սղաճն է
«Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին ժամը 10։00- 17։00-ը` զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով»,– ասված է հայտարարության մեջ։
ՀԿԾՀ–ից միաժամանակ տեղեկացնում են, որ ցանկության դեպքում քաղաքացիները կարող են անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին։