ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում որոշվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետական բյուջեից 2 232 787 900 դրամ հատկացնել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման համար։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նշված գումարից 14,6 մլն դրամը հատկացվելու է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցմանը, 59,8 մլն–ը` Հայաստանի ազգային գրադարանի ջեռուցման համակարգի արդիականացմանը, 713,5 մլն–ը` մի շարք դպրոցների մարզադահլիճների վերակառուցմանը։
Հատկացված գումարի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք համայնքների դպրոցների վերանորոգման, մսուր–մանկապարտեզների կառուցման, տարբեր մարզական ֆեդերացիաներին մարզագույքով, թանգարաններն ու արվեստի դպրոցները անհրաժեշտ այլ գույքով ապահովելու միջոցառումներ։
Եվս 4,5 մլն դրամով կամրակայվեն Ամբերդ ամրոցի վթարային հատվածները, կբարեկարգվի հուշարձանի տարածքը։
«600 540 500 դրամ կհատկացվի «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար»,– հայտնեց Դումանյանը։
Հիշեցնենք` առաջնությունը կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 1-30-ը: Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար: