ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի Ատրպատական նահանգի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նահանգապետ Աբեդին Խորամը Հայաստան մեկնելուց առաջ Թավրիզի օդանավակայանում լրագրողներին ասել է. «Հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային շուկաներում ակտիվ ներկայությունը Իրանի կառավարության քաղաքականության հիմնական և ռազմավարական ուղղություններից մեկն է դիվանագիտության ոլորտում, իսկ Ատրպատական նահանգը, գտնվելով մի քանի կարևոր երկրների հարևանությամբ, զգալի ներդրում ունի այդ երկրների հարաբերությունների կայացման գործում»։
Անդրադառնալով Հայաստան այցի նպատակին` Խորամն ասել է, որ մաքսային և տրանսպորտային խնդիրներից զատ քննարկվելու է նաև հայ-իրանական սահմանին համատեղ առևտրային քաղաքի և Իրանի միջև համատեղ տեխնոլոգիական քաղաքի ստեղծման հարցը։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ պետական պաշտոնյաների հետ, այդ թվում` էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների հետ։
Նա նաև ասել է, որ Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են տնտեսական ու առևտրային համաժողովներ, համատեղ հանդիպումներ մաքսային, ակադեմիական ու զբոսաշրջության, մշակութային ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև` երկու երկրների տնտեսական մասնավոր հատվածի մասնակցությամբ։
Հայաստան ժամանող պատվիրակության կազմում ընդգրկված են նաև տարածաշրջանի արտահանող ընկերությունների ներկայացուցիչները։