ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Միշելի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե. Արխիվային լուսանկար
Եվրոպական Միության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը, գրել է Անն Լինդեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ում ողջունել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Ողջունում եմ Շառլ Միշելի ներգրավվածությունը գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպումը։ Եվրոպական Միության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործընթացի մաս լինելը», - գրել է նա։
Լինդեն իր Twitter-ում նաև հրապարակել է Միշելի գրառումը, որում վերջինս նշում է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում։
Հիշեցնենք՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրենց երկրների ԱԳ նախարարների և սահմանազատման հանձնաժողովների առաջիկա հանդիպումների մասին։