Բոսֆորի նեղուցը փակվել է նավագնացության համար

Բոսֆորի նեղուցը. Արխիվային լուսանկար
Ուկրաինայից Ստամբուլ մեկնող նավը ծանծաղուտի մեջ է հայտնվել Բոսֆորի նեղուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայից Ստամբուլ մեկնող նավը ծանծաղուտի մեջ է հայտնվել Բոսֆորի նեղուցում, որը դրանից հետո փակվել է նավագնացության համար։ Այդ մասին նշված է Թուրքիայի առափնյա պահպանության թիվթերյան հաղորդագրության մեջ։
«KURTARMA-5, KURTARMA-6, KURTARMA-9, KURTARMA-12, NAZIM TUR քարշակներն ու KEGM-3, KEGM-5 մոտորանավակները մեկնել են պատահարի վայր՝ 173 մետրանոց LADY ZEHMA նավի մոտ, որը ծանծաղուտում է հայտնվել ղեկի անսարքության պատճառով, Ուկրաինայից Ստամբուլ ճանապարհին։ Նավագնացությունը Ստամբուլի (Բոսֆորի) նեղուցում դադարեցվել »,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ աջակցման վերաբերյալ։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։