ՌԱԴԻՈ

Բրյուսելյան հանդիպումը վկայեց, որ մեր բոլոր հոռետեսական կանխատեսումները տեղին էին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
Sputnik
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը դարձել է աշխարհաքաղաքական բախման առիթ, որովհետև զուգահեռաբար հանդիպում էր նախապատրաստվում թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերլուծում է երեկ Բրյուսելում կայացած հանդիպումը։ Նրա կարծիքով` աշխարհաքաղաքական բախումը չի բխում ՀՀ շահերից, որովհետև, հայտնվելով այդ բախման կիզակետում, մենք ոչ թե ընդլայնում ենք մեր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, ոչ թե առաջ ենք տանում մեր օրակարգը, այլ դառնում ենք այդ բախման հերթական զոհերից մեկը։
Նշենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
«Պատահական չէ, որ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ բավականին չոր արտահայտվեց Եվրամիության միջնորդական բանակցային ջանքերի վերաբերյալ` դրանք որակելով որպես աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Սա արդեն լավ չէ, որովհետև մենք երկար տարիներ մեր իշխանության օրոք մշտապես փորձել ենք խնդիրը պահել աշխարհաքաղաքական բախումներից դուրս, թեև այն ժամանակ էլ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները որոշակիորեն լարված էին, թեկուզ ոչ այս աստիճանի»,– ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքները վկայեցին, որ բոլոր հոռետեսական կանխատեսումները տեղին էին։ Ըստ նրա` ՀՀ կառավարությունը լղոզված և սուտ հաղորդագրություն տարածեց հանդիպման մասին, որից ոչինչ չէր հասկացվում, ու թեև նշվեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հիմնախնդիրը, սակայն Շառլ Միշելի հայտարարությունն անգամ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում չէր պարունակում։
«Ամենավտանգավորն այն է, որ փաստացի շարունակում են կատարել Ադրբեջանի պահանջները, և խաղաղության պայմանագիր կոչվածը վերաբերելու է բացառապես Հայաստան–Ադրբեջան միջպետական հարաբերություններին, ինչը նշանակում է, որ Արցախն ամբողջությամբ դուրս է մնում Հայաստանի բանակցային օրակարգից։ Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը գնում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի ճանապարհով առանց արցախյան խնդրի կարգավորման, ապա Արցախը թողնվում է Ռուսաստանին կամ բախտի քմահաճույքին, իսկ վատթարագույն դեպքում` Ադրբեջանի հոշոտման»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանի դիտարկմամբ` Հայաստանն այժմ ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլև արտաքին աշխարհում արցախահայության ձայնի ու շահերի ներկայացուցիչը չէ։ Եթե առկա պայմաններում խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա արցախյան խնդիրը դիտարկվելու է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորվող ընթացիկ ինչ-որ բան։
Հայտնի է` ինչ են պայմանավորվել Փաշինյանը, Ալիևն ու Միշելը
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան եռակողմ նախորդ հանդիպումը կայացել էր այս տարվա մայիսի 22-ին։