ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: Այս միտքն է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել իր ուղերձում, որը հղել է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
«Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը»,– ասված է ուղերձում:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է, որ հայաստանցի աշակերտներն ու ուսանողները հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում և նշել, որ հարկավոր է բազմապատկել արդյունքներն ու ընդլայնել հնարավորությունները:
«Վստա՛հ եղեք` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է»,– վստահեցրել է Դումանյանը։
Նա նաև հավաստիացրել է, որ պետությունն ամեն ինչ անում է ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով: