ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել, որի համաձայն` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Նույն որոշման համաձայն` այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Այդ նպատակով Ռուբինյանին օգոստոսի 31-ին վաղաժամ հետ են կանչել իր ամենամյա հերթական արձակուրդից: Բանն այն է, որ Ռուբինյանի արձակուրդն ավարտվում է սեպտեմբերի 1-ին։
Հուլիսի 15-ին Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ Ռուբեն Ռուբինյանին տրամադրվել էր 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 18 աշխատանքային օր` 2022 թվականի օգոստոսի 8-31-ը ներառյալ:
Սիմոնյանի հերթական արձակուրդը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Մամուլը հիշել է, որ Սիմոնյանն ավանդաբար արձակուրդ է գնում հենց սեպտեմբերի առաջին օրերին։
«Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիևի պահանջներից մեկն է։ Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ ևս Հայաստանում չէ»,– գրել է «Հրապարակը»։
Նշենք, որ սա Ալեն Սիմոնյանի` այս տարվա արդեն երկրորդ արձակուրդն է։ Նա արձակուրդում է եղել նաև հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ։ Այդ ընթացքում նույնպես ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել էր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին: