ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում խիստ տուգանքներ սահմանել՝ մինչև 2-3 մլն դրամ։
Նա իր առաջարկը ներկայացրեց հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը (նա նաև ՔՊ–ի Երևանի քաղաքապետի թեկնածուն է)։
Քննարկման ընթացքում Ավինյանը նշեց, որ հարցի լուծման լիազորությունները պետք է տրվեն համայնքի ղեկավարին, որն էլ որոշում կկայացնի։
«Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի բնակչությանը: Պետք է ռեստորանների համար էլ այնպիսի տուգանքներ սահմանել, որ իրապես ձեռնտու չլինի օրենքին դեմ գնալ ու հրավառություն կազմակերպել։ Վաճառքի սահմանափակումներ կամ խստացումներ մտցնելով` հարցը կլուծվի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, ըստ Ավինյանի, լիցենզավորված ընկերություններն ամենայն հավանականությամբ շատ չեն լինի, և ներմուծված ապրանքն էլ գրանցված կլինի։
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց, որ հրավառության կազմակերպում կարելի է թույլ տալ միայն գերատեսչություններին` տոներին կամ նշանակալից օրերին։ Նրա խոսքով` մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրավառությունների տարբեր տեսակներ կան, և փորձագետները կարող են հստակ ասել, թե որոնք են ոչ այդքան վտանգավոր։
Նշվեց, որ ամենայն հավանականությամբ, կլինեն այնպիսի հրավառ նյութեր, որոնք անվտանգության առումով թույլատրելի կլինեն։
Կարծիք հնչեց, որ պետք է մասնավոր հատվածին արգելել հրավառության նյութերի վաճառքն ու դրանց օգտագործումը ռեստորաններում։