ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը չի բացառում, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կարող են մշտական հիմունքներով մնալ Զապորոժիեի ատոմակայանում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Եկեք նախ տեսնենք` ինչ արդյունք կլինի։ Բայց դա չի բացառվում, հարցը քննարկվում է»,- նշել է Ռուդենկոն։
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին օգոստոսի 29-ին հայտարարեց, որ կազմակերպության առաքելությունն արդեն ուղևորվում է Զապորոժիեի ԱԷԿ և կհասնի արդեն ընթացիկ շաբաթվա մեջ:
Ըստ «Wall Street Journal»-ի` Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ստուգումները կսկսվեն օգոստոսի 31-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 3-ը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: