Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովան նշել է, որ այդ աշխատանքը կոնկրետ երթուղիների վերաբերյալ փաթեթային լուծում է ենթադրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։
«Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,-ասել է Զախարովան:
Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: