ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը պատրաստվում է Զապորոժիեի ԱԷԿ-ում մի քանի օր անցկացնել․ Գրոսսի

Գրոսսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կարևոր խնդիրը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը գնահատելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպության առաքելությունը մտադիր է մի քանի օր անցկացնել Զապորոժիեի ատոմակայանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հիմա մենք վերջապես շարժվում ենք վեց ամսվա լարված ջանքերից հետո։ Մենք շատ կարևոր խնդիր ունենք՝ գնահատել իրական վիճակն այնտեղ, օգնել կայունացնել իրավիճակը՝ որքան հնարավոր է»,- ասել է Գրոսսին։
Գրոսսին նշել է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարողացել է երաշխիքներ ստանալ կողմերից:
«Մենք գնում ենք մարտական գործողությունների գոտի․․․ Դրա համար հստակ երաշխիքներ են անհրաժեշտ ոչ միայն ՌԴ-ի, այլև Ուկրաինայի կողմից։ Մենք կարողացանք ապահովել դա»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։