ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է գրավել Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։
Հայ շախմատիստը վերջին տուրում ոչ–ոքի խաղաց մրցաշարի առաջատար Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ և, հավաքելով 8 միավոր, կիսեց 2-6–րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 4-րդ տեղը, ինչի շնորհիվ նվաճեց 2023 թվականին կայանալիք Աշխարհի գավաթի ուղեգիր։
Աշխարհի գավաթին մասնակցելու կմեկնի նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Աննա Սարգսյանը։ Վերջին տուրում նա հաղթանակ տարավ ֆրանսուհի Սոֆի Միլյեյի նկատմամբ և 7.5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Հայաստանից ԵԱ մյուս մասնակիցներին, ապա Էլինա Դանիելյանը, վերջի տուրում պարտվելով, 7 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը, Մարիա Գևորգյանը 6.5 միավորով դարձավ 24-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը 6.5 միավորով զբաղեցրեց 34-րդ տեղը։
Եվրոպայի չեմպիոն դարձավ լեհ Մոնիկա Սոչկոն` հավաքելով 8.5 միավոր։ Նշենք, որ 1-9-րդ տեղերը զբաղեցրած Եվրոպայի առաջնության մասնակիցները 2023 թվականի Աշխարհի գավաթի ուղեգիր ստացան։ Չեխիայի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունը բաղկացած էր 11 տուրից։