Հնդկաստանը կարող է դրական դեր խաղալ աշխարհի մարտահրավերների լուծման գործում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին. Արխիվային լուսանկար
Հայաստանն ու Հնդկաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետի Նարենդրա Մոդիին` Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու ժողովրդի միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին։
«Ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, արդյունավետ գործում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը, սերտ համագործակցություն է ձևավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում։ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի, հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ նորանոր հաջողություններ կգրանցվեն` ի բարօրություն բարեկամ երկրների և ժողովուրդների:
Նա նշել է, որ Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում, քանի որ խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում:
Փաշինյանը Մոդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։