ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Բրյուսելում: Առաջնորդների ձևաչափով հաջորդ հանդիպումը նույնպես նոյեմբերին տեղի կունենա։
Հանդիպմանը քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին։