ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Էստոնիան դիտարկում է ՌԴ քաղաքացիներին ազգային մակարդակով վիզաներ տրամադրելու արգելքի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռեյնսալուն Պրահայում ԵՄ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն ասել է, որ ԵՄ երկրները պետք է կտրուկ սահմանափակեն վիզաների քանակը, հատկապես զբոսաշրջային, որպեսզի նվազեցնեն Ռուսաստանի քաղաքացիների հոսքը Եվրամիություն և Շենգենյան գոտի:
«Քանի դեռ նման միջոցներ չեն ձեռնարկվել ԵՄ-ի մակարդակով, բալթյան երկրները և Լեհաստանը` որպես Ռուսաստանի հետ սահմանակից պետություններ, դիտարկում են ՌԴ քաղաքացիներին ազգային մակարդակով վիզաների տրամադրման ժամանակավոր արգելք սահմանելու հնարավորությունը կամ ԵՄ այլ երկրների վիզաներ ունեցող քաղաքացիների կողմից սահմանը հատելու սահմանափակումները»,- ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ սահմանափակող միջոցառումներում պետք է բացառություններ կատարվեն Ռուսաստանի իշխանությունների հակառակորդների համար: