Բրյուսելում ավարտվել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի հանդիպումը. այն տևել է գրեթե 4 ժամ

Սա այս ձևաչափով արդեն 4–րդ հանդիպումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բրյուսելում ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այն տևել է գրեթե 4 ժամ։ Բանակցությունների արդյունքների մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
Հայկական կողմը Հաջիևի հայտարարությունը չի մեկնաբանել` հոդորելով հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։
Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 2022 թվականի ապրիլի 6-ին, 2022 թվականի մայիսի 22-ին։