Բերձորում և Աղավնոյում իրենց տներն այրած բնակիչների դեմ քրեական գործեր չեն հարուցվի

Բերձոր
Սեփական տներն այրած քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. նրանց արարքներում հանցակազմ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իրենց տներն այրած քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչությանը մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանելու հարցերը։ Դրանից հետո ոմանք այրեցին իրենց տները։
Խանումյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ դեմ է Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքներում տներն այրելուն։ Նա հիշեցրել է Չարեքտար գյուղն այրելու դեպքը և նշել, որ այսօր միլիոնավոր դրամներ են ծախսում այդ գյուղը վերականգնելու համար։ Աղավնոն շատ մոտ է գտնվում Արցախը ՀՀ-ին կապող նոր երթուղով նախատեսված միջանցքին, և, ըստ Խանումյանի, հայտնի չէ, թե մեկուկես, երկու տարի հետո ինչպես կփոխվի իրավիճակը:
Սյունիքի մարզպետարանի տվյալով` Բերձորից ու Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնեց, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։