ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նախատեսված հանդիպումից, Պատելը նշել է․
«Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։ «Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է նա։
Հայկական կողմը Հաջիևի հայտարարությունը չի մեկնաբանել` հոդորելով հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։