ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։ Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Մենք հարցում ուղարկեցինք ԱԱԾ` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին`
արդյոք այդ գործընթացը համաձայնեցվա՞ծ է Ադրբեջանի հետ,
ե՞րբ է նախատեսված անցակետերի գործարկումը,
արդյոք անցակետերը գործարկվելո՞ւ են մինչ դելիմիտացիայի և դեմարկացիայի ավարտը,
անցակետերը կարո՞ղ են գործարկվել մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
ԱԱԾ-ն ներկա պայմաններում երկրի համար անվտա՞նգ է համարում Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտը ՀՀ տարածք։
Ի պատասխան ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ԱԱԾ-ն։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «հայ–ադրբեջանական պետական սահմանին» բացել հետևյալ անցակետերը (նախագծում նշվում են նաև Արցախի բնակավայրերի և շրջանների ադրբեջանական տեղանունները)` «Սոթք» («Քելբաջար»), Գեղարքունիքի մարզ (Քելբաջարի շրջան), «Երասխ» («Սադարակ»), Արարատի մարզ (Սադարակի շրջան), «Քարահունջ» («Էյվազլի»), Սյունիքի մարզ (Ղուբաթլուի շրջան)։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարման անհրաժեշտությամբ, որոնք վերջինս տվել է օգոստոսի 4-ի կառավարության նիստում։
Այդ օրը ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ այսօր կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։
Նշենք, որ խոսքը դե ֆակտո սահմանի մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել։